Կորոնավիրուսի հետ կապված կան բազմաթիվ հարցեր, որոնք մինչ այժմ պատասխաններ չունեն: Այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Ուզում եմ բոլորս ֆիքսենք, որ ամբողջ աշխարհում առկա այս հիվանդությունը նոր է և պատահական չէ, որ այն կոչվում է նոր տեսակի կորոնավիրուս: Կան բազմաթիվ հարցեր, որոնք մինչ օրս պարզ չեն՝ սկսած, թե նորմալ պայմաններում մեկ հոգին քանի՞ հոգու է վարակում, որքա՞ն ծանր է ընթանում հիվանդությունը, արդյո՞ք ասիմպտոմ դեպքեր լինում են կամ նման դեպքերը համարվո՞ւմ են վարակը տարածող, դիմակ իսկապես օգնո՞ւմ է, թե՞ ոչ և այլն…
Պատկերացրեք, թե հարցերի ինչպիսի լայն շրջանակ է, որոնց պատասխանները չկան: Շատ երկրների ղեկավարներ ստիպված են եղել հիվանդության դեմ պայքարում գործել այս կամ այն կերպ, ընդունել այս կամ այն քաղաքականությունը: Տարօրինակ չէ, որ գործողությունների ընթացքը ժամանակի հետ փոխվել է: Քիչ երկրներ են շարունակում գործել այն քաղաքականությամբ, որն ընտրվել էր ի սկզբանե:
Այս անորոշություններն են պատճառը, որ, այո, գուցե մենք որոշ դեպքերում հապաղել ենք, որոշումը մի քանի օր ուշ ենք կայացրել, չենք կայացրել, որովհետև վստահ չենք եղել: Այո, կարող էինք այլ կերպ վարվել և գուցե պետք է դրա համար ներողություն խնդրել: Եթե ժամանակագրությամբ նայենք, կարծես այնքան էլ չենք հապաղել, սակայն ցանկացած իրավիճակ դրդում է հետ նայել և գնահատել իրավիճակը:
Շնորհակալ եմ բոլոր քննադատներին, ովքեր մատնացույց են անում մեր թերությունները, դա թույլ է տալիս շտկել դրանք և ճշգրիտ քայլերով առաջ գնալ»,- ասել է Թորոսյանը:
Նախարարը նշել է, որ այս ամիսների ընթացքում իրենք, ամեն դեպքում, շատ բան են կարողացել հասկանալ և սովորել:
«Տարօրինակ չէ, որ սովորելով, շտկումներ կատարելով գնում ենք առաջ: Տարօրինակ կլիներ հակառակը»,- ասել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում: