Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեեց, որ կարելի է արդեն արձանագրել, որ մարզում մասսայական անտառահատումներն այլևս վերացած են, և ոչ օինական դեպքերը միանգամից հայտնաբերվում են և պատասխանատվության ենթարկվում:
«Առնվազն 99 տոկոսով Տավուշի մարզում անտառահատման դեպքերը կրճատվել են: Դա պետական կառույցների և հանրային հսկողության արդյունք է, որը վերջին շրջանում շատ է մեծացել»,- նշեց մարզպետը՝ համոզմունք հայտնելով, որ անտառների վերականգնման աշխատանքները առաջիկայում շատ ավելի մեծ թափ կստանան, և անտառային բալանսի էական փոփոխություն կունենանք:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատանքի մասին խոսելիս մարզպետը նշեց, որ պետք է կադրային քաղաքականության մեջ արմատական փոփոխություն լինի, և 100 տոկոսով պետք է փոխվի ամբողջ անձնակազմը:
«Նախորդ շրջանում Հայանտառի աշխատակիցները փոխկապակցված են եղել և՛ կրիմինալ կառույցների հետ, և՛ այն ուժային կառույցների հետ, որոնք հովանավորել են անտառահատումը: Այդ պատճառով այդտեղ փոփոխությունները պետք է արմատական լինեն»,- նշեց Տավուշի մարզպետը: