ԱԺ-ում 2019-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը նշեց, որ վերջերս շատ են Սևանում մանրաձուկ բռնում, որը կարող է սիգի պաշարն ընդհանրապես վտանգի տակ դնել։ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Վահե Ջիլավյանը տեղեկացրեց, որ այդ հարցով Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ արդեն քննարկում են ունեցել։ Կքննարկեն նաև ոստիկանության հետ, քանի որ ուզում են միջոցառումներ իրականացնել, որով կնվազեցնեն մանրաձկան որսը:
«Սա անթույլատրելի երևույթ է։ Ձուկն էլի հասկանալի է, բայց մանրաձուկն անթույլատրելի է: Ներկայումս Կառավարության հետ քննարկումներ են։ Ուզում ենք պիլոտային ծրագրով թույլատրենք արդյունագործական որսը։ Ակադեմիան տվել է արդյունաբերական որսի համար թույլատրելի չափաքանակ։ Դա շուրջ 200 տոննա է։ Պիլոտային ծրագրով ուզում ենք սա թողնենք, տեսնենք՝ ոնց կստացվի։ Դրանից հետո արդեն կշարունակենք ինչ-որ մի ուղղությամբ տանել, որ կանոնակարգենք կամ օրինական դաշտ բերենք»,- ասաց Ջիլավյանը։