Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը, ԱԺ-ում 2019-ի բյուջեի կատարողականի քննարկմանն անդրադառնալով սահմանմերձ համայնքներին պետական աջակցության տրամադրմանը, ասաց, որ դրանց կատարողական ցուցանիշները կախված են շահառու քաղաքացիների սպառումից։
«Խոսքը վերաբերում է էլեկտրաէներգիայի, ջրի և գազի գնի փոխհատուցմանը։ Կա որոշակի չափաբաժին, որը մեր կողմից ֆինանսավորվում է։ Ունենք, ցավոք, ընտանիքներ ու շահառուներ, որոնք չեն կարողանում սպառել այնքան, որքան պետությունը նախատեսել է փոխհատուցել»,- ասաց Պապիկյանը։
Նախարարի խոսքով, հաշվի առնելով այդ հանգամանքը՝ 2020-ի համար ֆինանսական հատկացումը փոքրացրել ենք, որովհետև ծրագրի բովանդակությունն այս փուլում փոփոխված չէ։ Ասաց՝ կատարողական ցուցանիշ բարձրացնելու և մեծ ֆինանսական միջոցներ ներդնելու առումով հակված են այդ ֆինանսական միջոցները ներդնել սահմանապահ համայնքների ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ։
«2019-ին մենք հետևողականորեն դա իրականացրել ենք և 2020 թվականին շարունակում ենք նույն ոգով»,- ընդգծեց նախարարը։