«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բուժական հարցերի գծով փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ կորոնավիրուսով ծանր և առանձնապես ծանր հիվանդների բուժման թեմային:
Բժիշկը հայտնեց, որ այդ քաղաքացիները մեծ մասամբ ունենում են ուղեկցող հիվանդություններ՝ սիրտ-անոթային, շաքարային դիաբետ, զարկերակային գերչնշում, ճարպակալում, սրտի փականային համակարգի հիվանդություններ։
«Վերջին ժամանակներս ծանր, ծայրահեղ ծանր հիվանդների աճի միտում նկատվեց։ Հիվանդանոցն առավել ծանրաբեռնված էր աշխատում։ Հիվանդն ընդունվում է հիվանդանոց որոշակի ցուցանիշներով, որոնք բնորոշ չեն առավել ծանր հիվանդին, և կարճ ժամանակ անց նման կլինիկական ախտանիշներ, ինչպիսին է շնչահեղձությունը, մարդկանց մոտ տագնապի զգացողությունը, օդի պակասը, գերլարվածությունը բերում են մի այնպիսի վիճակի, որ հիվանդների մոտ զարգացման ընթացքը բերում է որոշակի առումով անկառավարելի վիճակի։ Բառիս բուն իմաստով, աչքիդ առաջ հիվանդները սկսում են շնչահեղձ լինել։ Այստեղ մեզ օգնության են հասնում տարբեր տեսակի շնչառական ապարատները, որոնցով կլինիկան այսօր ամբողջությամբ հագեցած է»,- ասաց բժիշկը՝ շեշտելով, որ, ցավոք, հիվանդությունն ընթանում է անկառավարելի ընթացքով։
Մանուկյանի խոսքով՝ ամբողջ աշխարհում և մեզ մոտ կիրառվող բուժական մեթոդները դեռևս չունեն այն հստակ ապացուցողական բազան, որոնք կարող են հստակ ազդել հիվանդության ելքի վրա։ Բժիշկը վստահեցրեց, որ իրականացվում են բոլոր այն միջոցառումները, որ ծանր ընթացք, բարդություններ ունեցող հիվանդները ստանան աշխարհում կիրառվող լիարժեք բուժական միջամտություններ:
«Ես՝ որպես ռազմական բժիշկ, այս իրավիճակը գնահատում եմ պատերազմ։ Սա պատերազմ է, որտեղ բուժհաստատությունները վերածվել են մարտի դաշտերի»,- ասաց Մանուկյանը՝ ընդգծելով, որ բուժանձնակազմը գիշերուզօր պայքարում է մարդկային կյանքերի համար։
Բժիշկը հայտարարեց, որ այս իրավիճակում հաղթելու համար ունենք շատ հզոր զենք՝ ստեղծված իրավիճակի սթափ գնահատականը և գիտակից մոտեցումը։ Հորդորեց հետևել ու կատարել բոլոր կանխարգելիչ միջոցառումները։