Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ մարզում կորոնավիրուսի դեմ պայքարին:
Մարզպետը նշեց, որ Հայաստանի թեժ կետերից է մարզը, վարակվածների թվով երրորդն է, բայց հղում անելով դինամիկային՝ ասաց, որ մարզում վարակակիրների կտրուկ աճ չի նկատվել, կորը բարձրանում է դանդաղ ու սահուն:
«Չենք ունենում նոր օջախներ, որոնք վերահսկողությունից դուրս են: Ինչպես գիտեք, մեր մարզի հիմնական օջախը հայտնի ձեռնարկությունում աշխատող մեծաթիվ աշխատակիցների հետ էր կապված, որոնք հիմնականում Մասիսի տարածաշրջանից էին: Այս պահին էլ վարակվածների թվով ամենամեծ շրջանը Մասիս քաղաքն է, վարակվածների և բուժվածների թիվն այնտեղ 177-ի է հասնում: Բայց իրավիճակը մեր վերահսկողության տակ է»,- նշեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: