Հունիսի 10-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուժեղացված վերահսկողություն և մշտադիտարկումներ է իրականացրել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ Պարետի կողմից տրված ցուցումներին հետևելու և անվտանգության կանոնները պահպանելու նպատակով։
Իրականացված գործառույթների և մշտադիտարկման ընթացքում հատնաբերվել են տարբեր բնույթի խախտումներ և թերություններ։ Հիմնական խախտումները հետևյալն են՝ միկրոավտոբուսի առջևի նստատեղին ուղևորափոխադրումը կատարվել է միաժամանակ երկու ուղևորի նստեցումով, արձանագրվել են առանց դիմակի ուղևորների փոխադրման, սրահում ախտահանիչ հեղուկի բացակայության, ինչպես նաև գերբեռնված ուղևորափոխադրման դեպքեր։
Տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնողների դեպքում կրկին փոխադրումը կատարվել է վարորդի կողքին՝ ուղևորի նստեցումով, ինչպես նաև եղել են ուղևորներ, որոնք չեն կրել դիմակներ:
ՀՀ ՃՈ կողմից՝ պայմանավորված խախտումների բնույթով, կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ։
Տեսչական մարմնի մասնագետների կողմից՝ վերահսկողությանը զուգահեռ, իրականացվել են բացատրական և իրազեկման աշխատանքներ, տրվել պարտադիր կատարման ցուցումներ՝ թերությունները անհապաղ շտկելու և վերացնելու ուղղությամբ։
Միաժամանակ նշենք, որ մշտադիտարկումները և վերահսկողական աշխատանքներն ակտիվ կերպով իրականացվում են նաև մայրաքաղաքի այլ վարչական շրջաններում և հանրապետության բոլոր մարզերում:
ՔՏՀԱ տեսչական մարմինը, ստեղծված իրավիճակից ելնելով, հորդորում է խստագույնս հետևել բոլոր ցուցումներին և անվտանգության կանոններին։