ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել է, որ կորոնավիրուսային հիվանդության հետ կապված ցանկացած հարցում իրենք մշտապես անկեղծ են եղել.
«Այն պահից սկսած, երբ հայտարարություններ ենք արել, չենք խաբել թվերի հարցում ոչինչ, մինչ օրս չենք կեղծել ոչինչ և չենք պատրաստվում դա անել: Մենք դա համարում ենք մեր ուժեղ կողմերից՝ ասել ամեն բան և ակնկալել, որ ուղիղ ասված խոսքը ճիշտ կընկալվի: Հետևաբար, այդ ազնվությունն ու անկեղծությունը եղել են ու կլինեն, և մեզ հասանելի տեղեկությունները կբարձրաձայնվեն:
Ես պատրաստ եմ փոփոխվող որոշումների մասին ևս խոսել: Օրինակ՝ դիմակ կրել-չկրելու: Նախկինում, երբ ասում էի, որ փողոցում պետք չէ դիմակ կրել, կային հանգամանքներ, որոնք պարզ չէին: Հիմա հարցերի պատասխանները կան և մենք չենք կարող հիմնվել նախկին գիտելիքների վրա և ճիշտ չէ չօգտվել նոր գիտելիքներից: Աններելի սխալ կլինի հիմնվել նախկինում ասվածների վրա: Դա վերաբերում է մնացած բոլոր ուղղություններին՝ սահմանափակումներին, կանոններին և այլն»,- նշել է Թորոսյանը:
Թորոսյանը հավելել է, որ այժմ մեր բժիշկներն այս հիվանդության բուժման առումով հարուստ փորձ ունեն և նույնիսկ կարող են այլ երկրների օգնության ձեռք մեկնել: