Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ մարզում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին: Նա նշեց, որ մարզային հիվանդանոցների ռեսուրսներն ամբողջությամբ օգտագործվում են, բայց մարզում առանձնացված հիվանդանոց չկա, որն զբաղվի միայն կորոնավիրուսով վարակված հիվանդների բուժմամբ:
«Հաշվի առնելով մարզի աշխարհագրական դիրքը և Երևանին մոտ լինելու հանգամանքը՝ ծանր հիվանդները հիմնականում ուղղորդվում են Երևանի հիվանդանոցներ: Իսկ եթե անհրաժեշտ լինի մարզում առանձնացնել հիվանդանոց, ապա մենք այդ հնարավորությունն ունենք: Օրինակ՝ Մեծամորի ինֆեկցիոն կենտրոնը հնարավոր է վերապրոֆիլավորել: Նման խոսակցություններ արդեն տարվում են, և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- նշեց մարզպետը՝ հավելելով, որ բացի Մեծամորի ԲԿ-ից, կարող են վերապրոֆիլավորվել նաև Արմավիրի և Վաղարշապատի ԲԿ-ները: