Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնում են, որ ամփոփվել են «Վիրտուալ կամուրջ» ծրագրի շրջանակներում ապրիլի 21-ից մայիսի 21֊ը հայտարարված մրցույթի արդյունքները։ Հայտնի են Սիլիկոնյան հովտի գիտական կենտրոններից մեկի՝ Դրեյփերի համալսարանի ամառային ծրագրում պետական կրթաթոշակով ձեռնարկատիրական ուսուցում անցնելու մրցույթի հաղթողների անունները։
Մրցույթն անցկացվել է երեք փուլով՝ հայտի լրացում, հարցազրույց և գաղափարի ներկայացում (pitch)։
Ծրագրին մասնակցելու հայտ են ներկայացրել 122 գաղափարի հեղինակներ, որոնք հարցազրույցի են մասնակցել Դրեյփերի համալսարանի մրցութային հանձնաժողովի ներկայացուցիչների հետ: Արդյունքում գաղափարի ներկայացման (pitch) համար ընտրվել է 20 մասնակից։ Տեսանյութը ներկայացված է հետևյալ հղումով՝ https://bit.ly/2zgX9yj:
Մրցույթի ամփոփման արդյունքում հաղթող են ճանաչվել 5 ընկերությունների հետևյալ մասնակիցները՝
-
Դավիթ Գրիգորյան ֊ Zoomerang
-
Սյուզաննա Կարապետյան ֊ Jarviz
-
Մովսես Մակարյան ֊ Magic Cup
-
Սուրեն Ազատյան ֊ eBin
-
Ռոման Զաքարյան ֊ GebeCert
Ներկայացման տեսագրությունը ներկայացված է ՀՀ ԲՏԱ նախարարության յութուբյան և ֆեյսբուքյանէջերում:
Կրթական բացառիկ այս ծրագիրը նախաձեռնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որն ամբողջությամբ հոգալու է ընտրված մասնակիցների ուսման ծախսերը։
Նկատի ունենալով ամբողջ աշխարհով կորոնավիրուսի տարածման աննախադեպ աճն ու վտանգը՝ դասընթացներն անցկացվելու են առցանց։ Մանրամասներ ներկայացված են հետևյալ հղումով՝ https://hti.am/pages.php?lang=1&id=7552&page_name=news:
Դրեյփերի համալսարանը Սիլիկոնյան հովտի ամենահայտնի գիտական կենտրոններից է։ Այն հիմնել է վենչուրային կապիտալիստ Թիմ Դրեյփերը: Ընկերությունում ձեռներեցության և բիզնեսի զարգացման յուրօրինակ դասընթացներ են անցկացվում: Այս համալսարանում դասախոսները համաշխարհային ճանաչում ունեցող ձեռնարկատերեր են, որոնք ուսանողների հետ կիսվում են իրենց փորձով՝ նախապատրաստելով նրանց ներդրողի հետ հանդիպմանն ու սեփական նախագծի, բիզնես ծրագրի կամ ստարթափի ներկայացմանը։ Համալսարանն այժմ ուսանողներ ունի 77 երկրներից։