Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ 41 տարի առաջ տեղի ունեցած՝ Գագիկ Ծառուկյանի հետ կապված քրեական գործի մանրամասներին: Մարզպետը նշեց, որ պարզապես արձանագրվել է փաստը, և հասարակությանը հայտնի է դարձել, թե ով է իրենց համախմբման կոչ անում ընդդեմ իշխանության:
«Որպես քաղաքական գործչի՝ Գագիկ Ծառուկյանին խղճում եմ, որովհետև ինքը չունի իր ուրույն քաղաքական դիմագիծը և անընդհատ օգտագործվել է այլ քաղաքական ուժերի կողմից: Այս դեպքը նույնպես բացառություն չէ: Կարծում եմ՝ Գագիկ Ծառուկյանը նման է մի մեծ երեխայի, որն ունի լավ խաղալիք, և բակի երեխաները անընդհատ իր հետ ընկերություն են անում, որ այդ խաղալիքից օգտվեն, բայց ստացվում է, որ այդ խաղալիքով այլ երեխաներ ավելի շատ են խաղում, քան հենց ինքը»,- նշեց մարզպետը:
Մարզպետի խոսքով՝ հեղափոխությունը հնարավորություն է տվել բոլորին վերանայել իրենց վարքագիծն ու փոխվել, բայց ժամանակը ցույց է տալիս, որ որոշ ուժեր դասեր չեն քաղում: