Այսօր առավոտյան ՀՀ պարետի 124-Ա որոշման համաձայն՝ 3 օրով կասեցվել է Էրեբունի վարչական շրջանի թիվ 67 և Շենգավիթ վարչական շրջանի թիվ 127 մանկապարտեզների գործունեությունը:
Նշված մանկապարտեզներում ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել էին պարետի կողմից սահմանված նորմերի, ինչպես նաև սանիտարահիգիենիկ այլ կանոնների պահպանման մի շարք խախտումներ. մանկապարտեզներից մեկը ապահովված չի եղել հոսող տաք ջրով, իսկ մյուսում խմբասենյակներից մի մասն է ապահովված եղել տաք ջրով, աղբամանները փակվող կափարիչով չեն եղել, չեն պահպանվել սպասքի լվացման կանոնները, անկողնային սպիտակեղենի լվացման ոչ բավարար պայմաններ են արձանագրվել:
ՀՀ կրթության տեսչական մարմնի ուժեղացված վերահսկողական աշխատանքները շարունակական բնույթ են կրում: Այսօր շրջայց է կատարվել մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում:
Տեսչական մարմնի աշխատակիցները տեղում տրամադրում են խորհրդատվություն և տալիս համապատասխան ցուցումներ:
Արձանագրված խախտումները ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից ներկայացվում են պարետատուն: