ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհը գտնվում է 50 տարվա ընթացքում սննդի ամենամեծ ճգնաժամի եզրին:
Գուտերեշը կոչ է արել բոլոր երկրների կառավարություններին՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու կորոնավիրուսային համաճարակի վնասակար հետևանքները և ապահովել սննդի անվտանգությունը: Ըստ նրա՝ միանգամայն հնարավոր է, որ շուտով աղքատներին անհասանելի լինեն նույնիսկ հիմնական սննդամթերքները, մոտ 50 միլիոն մարդ կարող է հայտնվել «ծայրահեղ աղքատների» կատեգորիայում:
Գլխավոր քարտուղարը նաև շեշտել է, որ ամենալուրջ հետևանքներին կբախվեն երեխաները, քանի որ վաղ տարիքում թերսնման պատճառով նրանք կարող են ունենալ տարբեր բարդություններ ամբողջ կյանքի ընթացքում:
Ավելի վաղ Գուտերեշը զգուշացրել էր կորոնավիրուսի պատճառով մարդու իրավունքների հնարավոր ճգնաժամի մասին: Նա կոչ էր արել ավտորիտար պետություններին՝ վիրուսը երբեք չօգտագործել որպես արդարացում՝ մարդու իրավունքները խախտելու և տեղեկատվության ազատ տարածումը ճնշելու համար: