Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ իր ղեկավարած մարզում ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ունեցած վստահությանը և ԲՀԿ-ի հետ ստորագրված հուշագրին: Այն, որ Կոտայքում ընդդիմադիր ուժը շատ ընտրողներ է ունեցել, մարզպետը չառարկեց, թվերը խոսուն են, իսկ հուշագրի մասով հավելեց՝ դա կոալիցիա չէր:
«Հուշագրի էությունն այն էր, որ տվյալ կուսակցությունն իր նախագահի մակարդակով պատրաստ էր կիսելու հեղափոխության արժեքները, գաղափարները և քաղաքական կուրսը: Այդ առոմով քաղաքական փոխպարտավորվածությունները ավարտվում են, և դրանք դե յուրե լուծվեցին հոկտեմբերի 2-ի հայտնի դեպքերով: Դրանից հետո իշխանություն-ընդդիմություն դասական քաղաքականության մեջ ենք եղել:
Քննադատություններն ու Կառավարության հրաժարականի պահանջը ես շատ օրինաչափ եմ համարում՝ բացառությամբ շատ կարևոր նյուանսի: Համավարակի այս սպառնալիքով և արտակարգ դրության պայմաններում նման կոչ անել վարչապետին և Կառավարությանը ինձ համար անհասկանալի է»,- նշեց Պետրոսյանը:
Կոտայքի մարզպետը նշեց, որ ծանոթացել է ընդդիմադիր ուժի ներկայացրած յոթ առաջարկներին, որոնք իր համար կենացներից ավելին չէին:
«Նայեք իրականությանը. այդ ամենը հնչեցնողներն ովքեր են: Տվյալ կուսակցությունը մի քանի շրջան քաղաքական կոալիցիոն կառավարում է իրականացրել մեր երկրում: Ես խնդրում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատասխանատուներին՝ իրենց կոալիցիոն գործակցության շրջանի մեկ-երկու-երեք ակնհայտ ձեռքբերումներ մատնացույց անեն: Այո, իրենք միշտ կիսել են պատասխանատվությունը, բայց պատասխանատուն, կարծես թե, միշտ եղել է Սերժ Սարգսյանը կամ ՀՀԿ-ն: Ինձ համար հավասարապես պատասխանատու են բոլոր այն կուսակցությունները, որոնք այդ շրջանում գտնվել են Կառավարության կազմում»,- նշեց Պետրոսյանը:
Մարզպետը նշեց, որ հուշագիրը հնարավորություն է եղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար վերափոխվելու, բայց դեռ անցած տարի Աբովյանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ այդ քաղաքական ուժը չի փոխվելու, քանի որ ընտրությունները քրեաօլիգարխիկ ընթացք ունեցան: