Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Էստոնիայի Հանրապետության նախագահ Կերստի Կալյուլայդի հետ՝ տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
Նախագահները տեղեկություններ են փոխանակել երկու երկրներում կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակի, դրա կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված միջոցառումների շուրջ, քննարկել համագործակցության հնարավորությունները համավարակի դեմ պայքարում:
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Էստոնիայի նախագահին՝ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին (COAF) 30 հազար եվրո տրամադրելու համար, որն ուղղվելու է համավարակի դեմ պայքարին և համապատասխան բժշկական պարագաների ձեռքբերմանը:
Հայաստանի և Էստոնիայի նախագահներն անդրադարձել են նաև երկկողմ հարաբերությունների զարգացմանը՝ մասնավորապես ընդգծելով տեխնոլոգիաների, արհեստական բանականության, գիտատեխնիկական, կրթական ոլորտներում երկու երկրների համագործակցության մեծ ներուժի առկայությունը, այդ թվում նաև՝ նախագահական ATOM նախաձեռնության շրջանակում փոխգործակցությունը: Այս համատեքստում նշվել է, որ նախագահ Արմեն Սարգսյանի՝ աշնանը Էստոնիա նախատեսվող պաշտոնական այցը նոր խթան կլինի երկու բարեկամ երկրների համագործակցության խորացմանը: