Ինչո՞ւ Ազգային ժողովը պատշաճ չի տեղեկացվել Երևանի քաղաքապետի՝ բյուջեի կատարողականի նիստին չներկայանալու մասին: Հարցը պատգամավոր Մանե Թանդիլյանն ուղղեց Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանին:
«Հայկ Մարությանն այն եզակի պաշտոնյան է, որն արդեն երկրորդ անգամ է բացակայում բյուջեի քննարկումներից»,- ընդգծեց նա՝ հավելելով՝ եթե խնդիր կա, ապա հնարավոր էր նրա մասնակցությունը հեռավար կազմակերպել:
Հայկ Սարգսյանը պարզաբանեց, որ քաղաքապետը կոնտակտավոր է, նա ինքամեկուսացել է, և քաղաքապետարանի լրատվական ծառայությունն այդ մասին իրազեկել է հանրությանը:
Մանե Թանդիլյանն արձագանքելով՝ նշեց, որ կոնտակտավոր լինելը վարակված լինելուց վատ չէ: «Եթե վարչապետը վարակված լինելով՝ կարողացել է հեռավար մասնակցել, ապա մենք կարող էինք ապահովել նաև քաղաքապետի մասնակցությունը: Ավելի ճիշտ կլիներ, որ ԱԺ-ն տեղեկացվեր ոչ թե լրատվական ծառայությունից, այլ հենց ձեզնից»,- ասաց պատգամավորը:
Նա նաև հետաքրքրվեց՝ ինչու է հենց Հայկ Սարգսյանը ներկայացնում բյուջեի կատարողականը, այլ ոչ թե քաղաքապետի առաջին տեղակալը, հատկապես որ Սարգսյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:
Հ.Սարգսյանն ասաց, որ զեկույցը ֆինանսական է, և քաղաքապետը, հավանաբար, հարմար է գտել, որ այն ներկայացնի ֆինանսական գծով տեղակալը: