Շիրակի մարզում մինչ այսօր արձանագրվել է կորոնավիրուսով վարակի 490 դեպք: Նրանցից 200-ն արդեն բուժվել են. լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Մարզպետը հայտնեց, որ այս պահին Գյումրիում գործող ինֆեկցիոն հիվանդանոցը սպասարկում է կորոնավիրուսով հիվանդություն ունեցող անձանց։ Այնտեղ 70-ից ավելի քաղաքացի կա։
«Շիրակի մարզում այս պահին ինքնամեկուսացման ցուցում ունի մոտ 700 անձ, որոնցից 109-ի մոտ հաստատված է կորոնավիրուսային հիվանդությունը թեթև կամ ասիմպտոմ ընթացքով»,- տեղեկացրեց մարզպետը՝ հավելելով, որ առաջարկել է օգնություն ցուցաբերելու համար դիտարկել նաև Գյումրիի՝ այս պահին դատարկ հիվանդանոցային շենքերից մեկը:
Ըստ մարզպետի՝ նախնական գնահատմամբ մոտ մեկ ամիս աշխատանք իրականացնելուց հետո շենքը պատրաստ կլինի ընդունելու մոտ 100 հիվանդի։ Պետրոսյանը նշեց, որ մարզի բժշկական մարդկային ռեսուրսը կբավարարի այդ հիվանդանոցում ծառայությունների կազմակերպմանը։