ԱԺ-ում 2019-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի դիտարկմանը, թե գյուղատնտեսական ոլորտի ծրագրերն անարդյունավետ են։
Նախարարը նշեց, որ Կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերը մեծ պահանջարկ ունեն։ Այս պահի դրությամբ գյուղատնտեսության մեջ մոտ 60 միլիարդ ծավալով վարկեր ամբողջովին սուբսիդավորվում են Կառավարության կողմից։
«Այդ վարկերը տնտեսություններին են հասնում 0 տոկոս կամ 2 տոկոս, 3 տոկոս տոկոսադրույքներով։ Դրանք հասնում են գյուղացիական տնտեսություններին՝ պայմանով, եթե այդ տնտեսություններն այդ վարկերի հաշվին ձեռք են բերել գյուղատնտեսական տեխնիկա կամ օգտագործել են կաթիլային ոռոգում, տնկել են ինտենսիվ այգիներ կամ ձեռք են բերել տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ։
Այսինքն՝ այս ծրագրերի արդյունքում իրականացվում է գյուղացիական տնտեսություն վարելու նոր վարքագիծ, որը պետք է լինի ավելի արտադրողական»,- ասաց Խաչատրյանը՝ ընդգծելով, որ այդ ծրագրերի ազդեցությունը միանգամից չի զգացվում, քանի որ, օրինակ, եթե տնկվում է ինտենսիվ այգի, ապա միանգամից առաջին տարում բերք չի լինում։ Շեշտեց՝ փոխում են գյուղացիական գործունեություն վարելու վարքագիծը՝ միջին և ավելի երկարաժամկետ հատվածում։