Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ մարզի գեղեցկուհու՝ Սևանի բազմաթիվ խնդիրներին: Սանոսյանը նախ նշեց, որ վերջին տարիներին հետևողաբար ավելացնում են այն համայնքների թիվը, որտեղ կանոնավոր կերպով իրականացվում է աղբահանություն՝ այդպիսով նպաստելով, որ աղբը Սևան չթափվի:
Ձկնագողության մասին խոսելիս մարզպետը նշեց՝ ամեն բան պետք է կարգավորել օրինական ճանապարհով:
«Իմ տեսակետներից մեկն այն է, որ մենք ոչ թե պետք է ընդհանրապես արգելենք ձկան որսը, այլ այն պետք է համահունչ լինի տարեկան աճի տեմպերին, և մենք կարողանանք մշտապես ռազմավարական քանակի ձուկ ունենալ Սևանում»,- նշեց Գնել Սանոսյանը՝ հավելելով, որ կան համայնքներ, որտեղ ավանդույթով են զբաղվում ձկնորսությամբ, և այդ մարդիկ պետք է շարունակեն զբաղվել:
Մարզպետը հավելեց, որ պետությունը պետք է ուղղակի խաղի կանոնները որոշի, այսինքն՝ երբ բռնել ու ինչ չափի ձուկ:
Վերջին տարիներին բնապահպաններին ամենից շատն անհանգստացնող կապտականաչ ջրիմուռների աճը ջրում, որը նպաստում է Սևանի ծաղկմանը, մարզպետը ևս լուրջ խնդիր է համարում, որի պատճառները և՛ մարդածին են, և՛ բնածին:
«Իմ պատկերացմամբ՝ դրա գլխավոր ու առաջնային քայլն ափամերձ անտառաշերտը մաքրելն է, որը հայտնվել է կամ հայտնվելու է ջրի մեջ»,- նշեց մարզպետը՝ հավելելով, որ ծաղկման սեզոնայնությունն է փոխվել: Նախկինում այն ծաղկում էր սեպտեմբերին՝ հանգստի սեզոնից հետո, և շատերը դրա մասին չէին էլ իմանում: Մարզպետի խոսքով՝ նաև ծավալներն են մեծացել: