Բելառուսի նախագահի պաշտոնի համար պայքարող Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ պատրաստ է գնալ մինչև վերջ՝ չնայած իշխանության ստեղծած խոչընդոտներին: Նրա ամուսինը՝ հանրաճանաչ բլոգեր Սերգեյ Տիխանովսկին, որին կոչում են բելառուսական Դուդա, Նավալնի, Զելենսկի, պատրաստվում էր իր թեկնածությունն առաջադրել Բելառուսի նախագահի պաշտոնում, բայց հայտնվեց բանտում:
Այժմ նախընտրական պաստառների վրա նրա կնոջ՝ Սվետլանա Տիխանովսկայայի պատկերն է, և վերլուծաբանները նրան անվանում են արդեն վեցերորդ անգամ նախագահի պաշտոնին ձգտող Լուկաշենկոյի երեք հիմնական հակառակորդներից մեկը:
Նախագահական ընտրությունները Բելառուսում նշանակված են օգոստոսի 9-ին: Ամբողջ երկրում անցկացվում են այլընտրանքային թեկնածուների աջակցության ստորագրահավաքներ, որոնք հաճախ ավարտվում են ծեծկռտուքներով և ձերբակալությամբ:
Նախագահի թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ 100 հազար ստորագրություն են հավաքել Բելառուսի ընդդիմադիր գործիչ, Ներկայացուցիչների պալատի նախկին պատգամավոր Աննա Կանոպացկայան, Բելգազպրոմբանկի խորհրդի նախկին ղեկավար Վիկտոր Բաբարիկոն և Բարձր տեխնոլոգիաների պարկի նախկին ղեկավար Վալերի Ցեպկալոն: