Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ մարզի համայնքապետերի հետ ունեցած հարաբերություններին:
Մարզպետը նշեց, որ մարզում համայնքապետերի գերակշռող մեծամասնությունը նախկին իշխանությունների հետ համագործակցած մարդիկ են, բայց ընդհանուր առմամբ աշխատանքային պրոցեսը գործընկերային է:
«Եթե համայնքի ղեկավարը մտահոգված է համայնքի շահերով, մասնակցում է պետական աջակցության ծրագրերին, մասնավերապես՝ սուբվենցիոն ծրագրերին և ֆոնդային մասում եղած գումարն ամբողջությամբ ներդնում է համայնքի շենացման համար, մենք այդ ղեկավարների հետ պատրաստակամ ենք ամենօրյա ռեժիմով աշխատելու, իսկ որոշ համայնքներում, մասնավորապես՝ Նորաշենում, խնդիրը լիովին այլ էր: Մեզ վերապահված լիզորությունների շրջանակում մենք գործել ենք իրավական առումով ճիշտ, ներկայացրել ենք լիազոր մարմնին և իրավական գնահատական է տրվել համայնքի ղեկավարի գործողություններին, որի արդյունքում համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցվել են»,- նշեց մարզպետը:
Լրագրողների հարցին ի պատասխան, թե համայնքում ընտրակեղծիքներով ընտրված համայնքապետեր կա՞ն, Սարգսյանը նշեց, որ փաստեր չկան, բայց համայնքի բնակիչները շատ լավ գիտեն՝ ով ինչպես է ընտրվել: