«Այսօր ամբողջ աշխարհում կորոնավիրուսի իմացության և ճանաչության հետ կապված պրոբլեմ կա: Մենք շատ դիլեմաների ու առեղծվածների ենք հանդիպում»,- պարետատան նիստից հետո ասաց վարչապետ Փաշինյանը: Նրա խոսքով՝ աշխարհը շարունակում է հետազոտել հիվանդությունը: Վարչապետը հույս հայտնեց, որ մոտ ապագայում կգտնվի պատվաստանյութ, թեև մասնագետները չեն բացառում, որ պատվաստանյութ չգտնվի:
«Հետևաբար ես ծայրահեղ ճիշտ եմ համարում մեր որդեգրած ռազմավարությունը՝ սովորել ապրել կորոնավիրուսի հետ համատեղ: Էլի եմ ասում՝ բոլոր երկրները, առանց բացառության, անցնելու են նույն պրոբլեմի միջով, քանի դեռ պատվաստանյութ չի հայտնաբերվել: Ու եթե ելնում ենք այդ կանխավարկածից, եթե նույնիսկ մենք հիմա ունենանք կորոնավիրուսի ամենօրյա զրո դեպք, երբ մեր սահմանները բացենք, այդ վիրուսը նորից թափանցելու է, և մենք այդ ժամանակ կարող ենք լինել ավելի անպաշտպան: Իսկ այս մարտավարությամբ մենք, ձեր օգնությամբ, ոչ միայն շանս ունենք ամբողջությամբ կառավարելի պահել իրավիճակը, այլև ավելի պատրաստված կլինենք աշնանային, ձմեռային բռնկումներին և մյուս տարվա գարնան հնարավոր բռնկումներին»,- շեշտեց նա:
Ըստ Փաշինյանի՝ եթե մենք ճիշտ ռազմավարությամբ առաջ շարժվենք, աշնանը կամ գուցե ձմռանը կունենանք իմունիտետային որոշակի պարիսպ, որը մեր երկիրը վարակի հանդեպ կդարձնի ավելի պաշտպանված: