2019-ը ՀՀ ավիացիայի համար աննախադեպ էր նրանով, որ մենք հնարավորություն ստացանք ապահովել եվրոպական մի քանի ավիաուղիների մուտքը Հայաստան և մատչելի ուղետոմսով ապահովել մեր քաղաքացիների ելքը դեպի եվրոպական երկրներ: Այդ մասին ԱԺ-ում 2019-ի բյուջեի կատարողականի քննարկմանն ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Անդրադառնալով Հայաստանում հավաստագրված ավիաընկերությունների՝ Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության` EASA-ի սև ցուցակում հայտնվելու հանգամանքին՝ նախարարը նշեց, որ այդ խնդիրը մեկ օրում չէ, որ առաջացել է և ամենևին 2019-ի արգասիքը չէ: «Իհարկե, այդ մասով մտահոգություն կա, և եթե հնարավոր լիներ խուսափել, լավ կլիներ, բայց ունենք այն, ինչ ունենք: Մեր երկրում նախկինում արված ցանկացած թերության պատասխանատուն դառնում ենք նաև մենք»,- ընդգծեց Ս.Պապիկյանը:
Նա հայտարարեց, որ Կառավարության տեսլականն է՝ ամեն ինչ անել տեղական ավիափոխադրող և սեփական ավիացիա ունենալու համար: «Խոսքն իրական, ոչ թե արհեստական ավիափոխադրողների մասին է: Կարծում եմ՝ երկու տարում հնարավոր է իրականացնել այդ ծրագիրը»,- ասաց նախարարը: