ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՅԴ քննադատություններին, թե Կառավարության քայլերն անարդյունավետ են, սխալ կամ ուշացած: Միաժամանակ ՀՅԴ-ն պահանջել է ԱԺ նիստում քննարկել ճգնաժամից դուրս գալու լուծումներն ու պատասխանատվության կանչել ձախողված պաշտոնյաներին:
Փաշինյանը նախ հիշեցրեց, որ ԱԺ-ում կորոնավիրուսի հետ կապված երեք հատուկ նիստ է տեղի ունեցել, այդ թեմային մի քանի անգամ անդրադարձել է նաև հարցուպատասխանի ժամանակ, բազմաթիվ քննարկումներ են անցկացվում նաև Կառավարությունում:
«Ուզում եմ արձանագրել, որ Դաշնակցության համար, մեծ հաշվով, ոչ մի բան չի փոխվել, որովհետեւ ՀՅԴ ներկայացուցիչները այդ նույն հռետորաբանությամբ, Կառավարության հրաժարականի ենթատեքստով խոսում էին 2018 թ. ամռանը, երբ ընդամենը 1-2 ամիս էր անցել Կառավարության ձևավորումից»,- հակադարձեց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ տպավորություն է, թե ՀՀ-ում ոչ միայն առողջապահական կորոնավիրուս է տարածվում, այլև քաղաքական կորոնավիրուս: «Եվ սա, ի տարբերություն առողջապահական կորոնավիրուսի, իմ կարծիքով, կբերի բացիլի հատկանիշ ունեցող բոլոր նման քաղաքական ու հասարակական ուժերի՝ քաղաքական իմաստով մահվան: Դա իմ համոզմունքն է, և կտեսնեք, որ այդ քաղաքական ուժերը ամբողջությամբ դուրս կմղվեն Հայաստանի քաղաքական-հասարակական դաշտից, որովհետև նրանք, ըստ էության, այս օրերին իրենց գործունեությամբ կառուցում են իրենց քաղաքական գերեզմանը»,- շեշտեց Փաշինյանը:
Վարչապետն անդրադարձավ նաև այն փաստին, որ այսօր կորոնավիրուսի համատեքստում ընդունված է խոսել պատերազմական հռետորաբանությամբ: «Հայեցակարգային առումով այդքան էլ հաշտ չեմ այդ մտքի հետ, քանի որ, իմ կարծիքով, ճգնաժամին բոլոր դեպքերում պետք է նայենք որպես հնարավորություն: Բայց եթե նույնիսկ, հարգելով այդ տրամաբանությունը, այսօր կան ուժեր և շրջանակներ, որոնք այսօր նման հռետորաբանություն են զարգացնում, ասում են՝ երբ հրամանատարը կամ հրամանատարությունը պատերազմի ժամանակ ձախողվում է, նա պետք է հրաժարական տա, հեռանա, և այսպես շարունակ:
Ուզում եմ նախ արձանագրել՝ այսօր կորոնավիրուսի դեմ պայքարում ՀՀ-ն անգամներով ավելի լավ ցուցանիշներ ունի, քան աշխարհի ամենազարգացած երկրները՝ մահացության ցուցանիշը և բազմաթիվ այլ ցուցանիշներ: Եվ ես չեմ տեսնում, որ աշխարհի այլ զարգացած երկրներում քաղաքական բացիլը տարածվի այնպես, ինչպես ՀՀ-ում,- ընդգծեց վարչապետը՝ հավելելով,- բայց եթե պատերազմական տրամաբանությամբ ենք խոսում, և մարդիկ ուզում են Կառավարության գործողությունները դիտարկել այդ տրամաբանության շրջանակներում, եկեք դիտարկենք: Իսկ պատերազմի ժամանակ ի՞նչ են անում խուճապ տարածողների հետ, Իսկ պատերազմի ժամանակ ի՞նչ են անում սխալ տեղեկատվություն տարածողների հետ, իսկ պատերազմի ժամանակ ի՞նչ են անում հրամանատարի դեմ պատերազմի ժամանակ խոսողների հետ: Նրանց դատում են ռազմական և պատերազմական իրավիճակին համապատասխան»:
Փաշինյանի խոսքով՝ Կառավարությունը, բնականաբար, նման քաղաքականություն չի վարում, որովհետև ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է:
«Ժողովրդավարությունը շատ օգտակար է կորոնավիրուսի այս շրջանում, որովհետև որոշակի շրջանակներ ամբողջությամբ, բացահայտ կերպով ի ցույց են դնում իրենց էությունը: Եվ ես որևէ կասկած չունեմ, որ այդ էությունը ցուցադրածները նետվելու են ՀՀ պատմության աղբանոցը: Նրանք արդեն այդ աղբանոցում են, պարզապես տեղի է ունենում աղբանոցի վրա ամուր կափարիչ դնելու պրոցեսը: Եվ, փառք Աստծո, դա չի անում Կառավարությունը, որովհետև Կառավարությունը նման նպատակադրում և մտադրություն չունի, դա անում են իրենք՝ այդ ուժերը, հանրությունը՝ իր հստակ աներկբա և աներեր վերաբերմունքով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: