Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությունը տեղեկացնում է, որ COVID-19 համավարակի հնարավոր տարածումը փակ կամ կիսափակ հաստատություններում կարող է անդառնալի հետևանքներ ունենալ այդ հաստատություններում գտնվող անձանց կյանքի ու առողջության համար, ուստի այս հաստատություններում վարակի կանխարգելման ու անվտանգության ամենախիստ միջոցառումների իրականացումը հրատապ խնդիր է:
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանն աջակցում է երկրի հոգեբուժական հաստատություններում COVID-19-ի կանխարգելման ու անվտանգության ամրապնդման աշխատանքներին: Հիմնադրամի աջակցությամբ «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոնը մշակել է հոգեբուժական հաստատություններում վարակի կանխարգելման և վերահսկման գործողությունների ծրագիր, որի պատշաճ իրականացման համար հոգեբուժական հաստատությունների բուժանձնակազմը անցնում է վարակի կանխարգելման ու վերահսկման վերաբերյալ վերապատրաստում և ապահովվում է անհատական պաշտպանության միջոցներով:
Հոգեբուժական հաստատություններում հանրային դիտորդական առաքելություն իրականացնող խմբի հետ համագործակցությամբ «Ամբրա» կենտրոնը կվերահսկվի կանխարգելիչ միջոցառումների ու անվտանգության կանոնների պահպանումը բուժանձնակազմի կողմից:
Անհատական պաշտպանության միջոցներն արդեն տրամադրվել են Գյումրիի Հոգեկան առողջության կենտրոնին, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատին, «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնին, «Ավան» հոգեկան առողջության կենտրոնին: