Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 25 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկ է տրամադրում Հայաստանում իր վաղեմի գործընկեր «Ինեկոբանկին», որպեսզի այն աջակցություն ցուցաբերի մասնավոր ընկերություններին, որոնք, հնարավոր է, տուժել են կորոնավիրուսի համաճարակի տնտեսական ազդեցությունից:
«Ինեկոբանկը» լավ հնարավորություններ ունի փոխանցելու ՎԶԵԲ-ի միջոցները այն ընկերություններին, որոնք անցնում են այս աննախադեպ անկայուն շրջանը: Բիզնեսներին ֆինանսական աջակցություն և անխափան վարկավորում տրամադրելը առանցքային է տնտեսությունը պահպանելու համար»,- ասել է Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն:
Շուրջ 25 տարի է, ինչ «Ինեկոբանկը» ֆինանսավորում է Հայաստանի բոլոր ոլորտների բիզնեսները: Համաճարակի պայմաններում բանկը կանգնած է իր՝ ՓՄՁ հաճախորդների կողքին և օգնում է նրանց հաղթահարել համաճարակի պատճառով առաջացած ֆինանսական դժվարությունները՝ հարմարեցված լուծումների միջոցով: ՎԶԵԲ-ից ներգրավված միջոցները կօգտագործվեն ՓՄՁ ոլորտին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար:
«Արտակարգ իրավիճակի պայմաններում մենք կկարողանանք շարունակել աջակցության հատուկ ծրագրեր առաջարկել մեր տնտեսության հիմնական բիզնեսներին` առկա դժվարություններին դիմակայելու և ավելի պայծառ ապագա կերտելու նպատակով, և դա մեկ անգամ ևս հնարավոր դարձավ ՎԶԵԲ-ի՝ երկար տարիների մեր առանցքային գործընկերոջ հետ համագործակցության շնորհիվ»,- ասել է «Ինեկոբանկի» գործադիր տնօրեն Արեն Նալթակյանը:
Covid-19-ի ճգնաժամի ընթացքում ՎԶԵԲ-ը շարունակում է լինել Հայաստանում առանցքային միջազգային գործընկեր, և այս նոր ֆինանսավորումը կորոնավիրուսի ազդեցության դեմ պայքարին օգնելու ու վերականգնմանը աջակցելու միջոցառումների մի մասն է:
ՎԶԵԲ-ը հանձնառու է 21 միլիարդ եվրո գումարի չափով աջակցություն տրամադրել այն 38 երկրներին, որտեղ ներկայումս ներդրումներ է կատարում: Աջակցությունը ներառում է առկա հաճախորդների համար «Կայունության ծրագիր», որն առաջարկում է կարճաժամկետ իրացվելիություն և շրջանառու միջոցներ, տեղեկացնում է Եվրոպական բանկի հաղորդագրությունը։
ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է: Մինչ օրս բանկը Հայաստանում ներդրել է ավելի քան 1,5 միլիարդ եվրո 183 ծրագրում՝ աջակցելով մասնավոր հատվածի զարգացմանը և անցմանը դեպի կայուն, «կանաչ» տնտեսություն: