Մայիսի 21-ից առողջապահության նախարարի հրամանով այն քաղաքացիները, որոնք չունեն ախտանշաններ, կամ հիվանդությունն ընթանում է թեթև, մեկուսացվում են տանը և հսկվում պոլիկլինիկայի բժշկի կողմից, տեղեկացնում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։
«Եթե մինչև հիմա կար հնարավորություն ապահովելու հիվանդների հսկողությունը հիվանդանոցներում կամ այլ առանձնացված վայրերում, ապա հիմա, հաշվի առնելով վարակվածների թվի աճն ու հիվանդանոցային հաստատությունների հնարավորությունը, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկները, հաստատված բոլոր անախտանիշ ու թեթև ախտանշաններով քաղաքացիները մայիսի 21-ից պոլիկլինիկաների հսկողության տակ են»,-նշում է ԱՆ արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Քնար Ղոնյանը:
Որոշումը միանգամից չընդունվեց քաղաքացիների կողմից. անհանգստություններ ու բազմաթիվ հարցեր ծագեցին: Առանց ախտանիշների վարակակիրներն ու նրանց հետ շփված բոլոր քաղաքացիներն ինքնամեկուսացված են և գտնվում են պոլիկլինիկական ծառայությունների 14-օրյա հսկողության ներքո: Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է 24 պոլիկլինիկա:
«Եթե քաղաքացիներն ունենում են գանգատներ՝ ջերմություն, գլխացավ, թուլություն, համի և հոտի բացակայություն, ապա կապ են հաստատում տեղամասային թերապևտի կամ ընտանեկան բժշկի հետ»,-ասում է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի տեղակալ Գայանե Անտոնյանը:
Կորոնավիրուսային հիվանդության բնորոշ ախտանիշների առկայության պարագայում քաղաքացուն նշանակվում է ռենտգեն հետազոտություն:
«Ռենտգեն հետազոտության կարիք ունեն ջերմող, շնչառական խնդիրներ ունեցող հիվանդները»,-նշում է Երևանի թիվ17 պոլիկլինիկայի թերապևտ Գոհար Ռստակյանը:
Ռենտգենոլոգները շեշտում են, որ հետազոտությունն արվում է նույն օրը, իսկ պատասխանը տրամադրվում 10-15 րոպեում:
Ռենտգեն կաբինետները հերթապահում են նաև շաբաթ-կիրակի և տոն օրերին՝ ժամը 10-13:00-ն:
Ովքեր և ինչպես են թեստավորվում
Թոքաբորբի առկայությունը հաստատելուց հետո քաղաքացին ներկայացվում է թեսթավորման: «Հայտը ներկայացնելուց հետո անմիջապես հաջորդ օրը կազմակերպվում է նմուշառում: Օրական մոտ 250-260 հայտ ենք ընդունում»,- նշում է առողջապահության վարչության առաջատար մասնագետ Ասյա Խառատյանը:
Ապրիլի 21-ից թեստավորման համար նմուշառումը կատարվում է նաև քաղաքացիների տանը, բայց միայն համայնքային պոլիկլինիկաների վերապատրաստված բուժաշխատողների կողմից. շտապօգնության մեքենայով մասնագետը մոտենում և տեղում նմուշառում է:
Նմուշառում է իրականացվում նաև համայնքային ենթակայության 3 բուժհիմնարկներում:
Ախտորոշելու համար նմուշն ուղարկվում է լաբորատոր հետազոտության՝ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն: Վերջին օրերին «թեժ գծերով» քաղաքացիները հաճախ են բարձրաձայնում՝ ինչու՞ են ուշանում պատասխանները:
«Որոշակիորեն 1-2 օր կարող է ուշանալ՝ կապված լաբորատոր հնարավորությունների հետ: Եթե սկզբում գործ ունեինք տասնյակների հետ, ապա այժմ՝ հազարների»,- ընդգծում է Քնար Ղոնյանը:
«Արագ թեստեր, որոնք 15-30 րոպեում պատասխան են տալիս քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներում, չեն արվում: Մեր բուժհաստատությունների կողմից արվում են միայն նախարարի համապատասխան հրահանգով սահմանված թեսթեր»,- նշում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:
Ինչպես է կազմակերպվում քաղաքացիների բուժումը տանը
Պոլիկլինիկաների բժիշկներն առաջնորդվում են նախարարության հրահանգներով:
«Եթե քաղաքացին ունի բարձր ջերմություն և հաստատված թոքաբորբ, ապա ուղղորդվում է հիվանդանոց»,-ասում է Գայանե Անտոնյանը:
Ի՞նչ անել, եթե քաղաքացին ունի առողջական խնդիր և, օրինակ, ներարկման կամ նեղ մասնագետի կարիք է զգում:
«Այժմ տնային պայմաններում բուժում են ստանում այն քաղաքացիները, որոնց ցուցված չեն ներարկումներ. դա ոչ թե պոլիկլինիկայի, այլ ուրիշ բուժհաստատության նշանակում է: Իրապես այդպիսի դեպքերը դեռևս տնային բուժօգնություն չեն նախատեսում: Այդ դեպքում քաղաքացին հիվանդանոց տեղափոխվելու ենթակա է»,- ընդգծում է Քնար Ղոնյանը:
Համավարակը գրեթե ամեն օր նոր իրավիճակ ու նոր կանոններ է սահմանում՝ իր հետ բերելով նոր խնդիրներ ու առաջադրելով նոր լուծումներ: Վարակը կանխարգելելու նպատակով Երևանի քաղաքապետարանը քայլեր է ձեռնարկում առողջապահական առցանց նոր ծառայություններ ներդնելու համար:
«Երևանի քաղաքապետարանը նույնիսկ արտակարգ դրության պայմաններում շարունակական քայլեր է անում բարելավելու և հեշտացնելու ծառայությունների մատուցումը: Այս պահին արդեն 4 պոլիկլինիկաներում փորձնական տարբերակով ներդրել է հեռահար առողջապահությունը, ինչը հնարավորություն է տալիս մեր քաղաքացիներին տնից դուրս չգալով տեսայց կատարել և ստանալ համապատասխան բուժօգնություն»,- ընդգծում է Երևանի փոխքաղաքապետը:
Համավարակը կանխելու համար դիմակ կրելը մեր երկրում պարտադիր է, անգամ՝ բացօթյա տարածքներում: Երկրի ամբողջ տարածքում ու նաև Երևանում ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացնում:
Հսկողություն է սահմանված նաև մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիների նկատմամբ: Արդյո՞ք քաղաքացիներն օրինապահ են՝ պարզվում է ստուգայցերով:
«Մեկուսացման և ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար նախատեսված է վարչական պատասխանատվություն՝ նվազագույնը 100 000 ՀՀ դրամի չափով»,- մանրամասնում է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման տեսուչ Լևոն Ղազարյանը:
Պահպանել սոցիալական հեռավորություն, կրել դիմակ ու ձեռնոց, անհրաժեշտության դեպքում ձեռնարկել անվտանգության այլ միջոցներ, որոնք կօգնեն չվարակվել և փրկել կյանքեր. սրանք են համավարակի դեմ պայքարելու նվազագույն և մատչելի ձևերը: