ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Վճռաբեկ դատարանը խոշտանգման գործով քրեական գործի քննությունը ճանաչել է անարդյունավետ՝ հիմք ընդունելով նաև Մարդու իրավունքների պաշտպանի իրավական դիրքորոշումները՝ որպես խոշտանգումների կանխարգելման մեխանիզմ:
Արդեն ակնհայտ է, որ Մարդու իրավունքների պաշտպանի իրավական դիրքորոշումները կիրառում են ստանում մեր երկրի դատական համակարգում ու այս անգամ դա արել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատը: Մեր դիրքորոշումները լայնորեն օգտագործում են նաև մեր փաստաբան գործընկերները: Սա միջազգային առաջատար փորձ է։
Ցանկացած երկրի Օմբուդսմանի [Մարդու իրավունքների պաշտպան] իրավական հեղինակության ու արդյունավետության ցուցիչ է, երբ իր իրավական դիրքորոշումները (իրավաբանություն կամ jurisprudence) կիրառվում են դատական համակարգում ու ազդում կոնկրետ գործերով լուծումների վրա: Սրանով Մարդու իրավունքների պաշտպանը լիարժեք կատարում է իրավական համակարգի կատարելագործմանը նպաստելու իր սահմանադրական առաքելությունը:
Վճռաբեկ դատարանի քրեական պալատն այս անգամ բեկանել և փոփոխել է առաջին ատյանի ու վերաքննիչ դատարանների որոշումները և պարտավորեցրել է քրեական վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է վերականգնել դիմողների իրավունքները: Այս ակտը հրապարակվել է վերջերս»,- գրել է նա: