ՀՀ կրթության տեսչական մարմինն այսօր կրկնակի ստուգայց և ուժեղացված վերահսկողություն է իրականացրել մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մանկապարտեզներում` ՀՀ պարետի որոշումների կատարման նկատմամբ: Վերահսկվում է մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը, մանրէազերծման աշխատանքների կատարումը, երեխաների ջերմաչափումը` օրվա մեջ մի քանի անգամ:
Արձանագրված խախտումները հիմնականում կրկնվում են գրեթե բոլոր վարչական շրջաններում. այն է՝ հակահամաճարակային կանոնները չպահպանելու և տարածքի ախտահանման հետ կապված խնդիրներ:
Կրկնակի ստուգայցից պարզվել է, որ նախադպրոցական ուսումնական հաստատություններում սկսել են առավել պատասխանատվությամբ վերաբերվել թերությունների վերացմանը և հակահամաճարակային կանոնների պահպանմանը:
Մշտադիտարկումները շարունակական են: Արձանագրված խախտումները ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից ներկայացվում են պարետատուն: