Կոտայքի համայնքներում նախադպրոցական կրթության հաստատությունները մարզային իշխանության հռչակած առաջնահերթությունների մեջ են, և դրանով պայմանավորված՝ Կոտայքի մարզպետարանը Բալահովիտ համայնքում ևս մանկապարտեզ կառուցելու սուբվենցիոն հայտ է ներկայացրել Կառավարություն՝ տեղեկացնում են մարզպետարանից։
Ծրագրի հաստատման արդյունքում տասնամյակներով փայփայած ևս մեկ երազանք իրականություն կդառնա․ շուրջ 3650 բնակիչ ունեցող Բալահովիտ համայնքը կունենա հիմքից կառուցված, նոր ու ժամանակակից մանկապարտեզ։ Մինչև օրս համայնքի երեխաները ստիպված են հաճախել այլ համայնքների նախակրթական հաստատություններ։
Պետություն - համայնք համագործակցությամբ Բալահովիտ համայնքը կունենա 70 երեխայի համար նախատեսված նոր ու բարեկարգ մանկապարտեզ, որը ոչ միայն կլուծի երեխաների՝ այլ համայնքների մանկապարտեզներ հաճախելու հարցը, այլև կբարելավի բնակիչների սոցիալ-կենցաղային պայմանները։
Մանկապարտեզը համայնքին կապահովի մոտ 10-15 հիմնական և ժամանակավոր աշխատատեղերով։
Բոլոր համայնքներում նախադպրոցական կրթության հաստատությունների կառուցումն առաջնային ու անհետաձգելի լուծում պահանջող խնդիրներից է, և ակտիվ աշխատանքներն այդ ուղղությամբ շարունակվելու են։ Նախադպրոցական կրթությունը հանրակրթության առաջին աստիճանն է, և Կոտայքի մարզի որևէ բնակավայրի երեխա չպետք է զրկված լինի այդ կարևորագույն հնարավորությունից։