Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հունիսի 9-ին ընդունել է ռուսաստանաբնակ բարերար Համլետ Վաչենանցին:
Խոսելով բարերարի կողմից Արցախում իրականացված ծրագրերի մասին՝ խորհրդարանի ղեկավարը երախտագիտություն է հայտնել հատկապես ապրիլյան պատերազմի օրերին նրա ցուցաբերած պատրաստակամության և մեծ աջակցության, ինչպես նաև դրսում բնակվող մեծաթիվ հայրենակիցներին համախմբելու և դժվար պահին հայրենիքին օժանդակելու վեհ առաքելության համար:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Համլետ Վաչենանցը ԱԺ նախագահին շնորհավորել է պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն:
Ներկայացնելով Արցախում իրականացվող ծրագրերը՝ գործարարը նշել է, որ ներդրումների չափն արդեն անցնում է 15 մլն դոլարը: Խոսելով Արցախում բազմաբնակարան շենքերի կառուցման ընթացքից՝ Համլետ Վաչենանցը հայտնել է, որ Մարտունի և Ստեփանակերտ քաղաքներում ավարտվել են 100 բնակարանոց շենքերի կառուցման, ինչպես նաև Ստեփանակերտի 17 հարկանի երկու բազմաբնակարանոց շենքերի նախագծային աշխատանքները: Գործարարի փոխանցմամբ՝ երկու ամսից Ճարտարում կմեկնարկի 200 բնակարանների կառուցումը: Պլանավորվում է աշնանը մեկնարկել ծխախոտի արտադրությունը: Նախատեսվում է նաև կարի ֆաբրիկայի կառուցում:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում ներդրումային դաշտի և նոր աշխատատեղերի ստեղծման պայմաններին վերաբերող թեմաներ:
Քննարկմանը մասնակցել է նաև ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կասյանը: