Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն անդրադարձավ հարցին, թե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ կապված գործով ի՞նչ նորութjուն կա, այն դեպքում, երբ նա նշել էր, որ չի կարող վերադառնալ՝ Ռուսաստանում կարանտինի մեջ է։
Գրիգորյանը հիշեցրեց, որ այդ գործով կա ներգրավված վեց մեղադրյալ, որոնց մի մասը հետախուզման մեջ է, մի մասը՝ ոչ։
«Մենք մեր հերթին կազմակերպել ենք հնարավոր աջակցությունը դեսպանատան, դեսպանի միջոցով՝ Հայաստան ներկայանալու հարցում օժանդակելու համար։ Նաև քննության ընթացքում ի հայտ բերեցինք Մոսկվայի քաղաքապետի մի հրաման, որով սահմանափակումների ընթացքում թույլ էր տալիս անձանց քրեական հետապնդման մարմիններ ներկայանալու համար տան, բակի շրջանում տարածքը լքել։ Սահմանափակում այդ մասով չկար»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ հիմա հետախուզում է հայտարարված։
Գրիգորյանը նշեց՝ Ռուբեն Հայրապետյանը դեռ փետրվարից Հայաստանում չէ, բայց ասաց՝ գործը հարուցվել է մարտ-ապրիլին։
Անդրադառնալով մի շարք անձանց կողմից ՀՀ տարածքը լքելուն՝ Գրիգորյանը հիշեցրեց, որ Սահմանադրությունը նախատեսում է ազատ տեղաշարժի իրավունք, և անձի տեղաշարժման իրավունքը կարող է սահմանափակվել միայն այն դեպքում, երբ նրա նկատմամբ կա ընտրված խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին։
Հիշեցրեց, որպեսզի խափանման միջոց ընտրվի ստորագրությունը չհեռանալու մասին, անձը պետք է լինի կամ կասկածյալ, կամ մեղադրյալ։