Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պատասխանել է «Բարգավաճ Հյաաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին, թե դիմակ կրելու պահանջն արդյոք իրավունք տալի՞ս է ոստիկանին անհամաչափ ուժ կիրառել քաղաքացիների նկատմամբ։
Թաթոյանը տեղեկացրեց, որ տեսանյութը հրապարակվելուց հետո մի քանի ահազանգեր են ստացել։ Ասաց՝ ուսումնասիրել են տեսանյութը, և իր աշխատակազմին անմիջապես հանձնարարել է այցելել ոստիկանության բաժին՝ բերման ենթարկվածին տեսակցելու ու ոստիկաններին լսելու։ ՄԻՊ-ը նշեց, որ դա անհրաժեշտ էր նաև պարզաբանումները լսելու և փաստաթղթերը ուսումնասիրելու համար։
«Եթե ուշադիր նայում ենք՝ մեր հայտարարությունն արվել է, երբ մեր աշխատակիցները ոստիկանության բաժնում էին և իրականացրել էին աշխատանքներ։ Հայտարարությունը հիմնված է բաժնում արդեն կատարված աշխատանքների վրա։ Ես կատարել եմ այդ հայտարարությունը՝ ըստ դրա։ Ուզում եմ հատուկ նշել, որ ոստիկանությունն ունի իհարկե ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ, այդ թվում՝ ձեռնաշղթաներ գործադրելու հնարավորույթյուն։ Ինչպես ցանկացած իրավական պետությունում, իրավախախտում թույլ տված անձ պետք է ենթարկվի պատասխանատվության։ Մենք պետք է միշտ ուշադրություն դարձնենք ու մեր ուղերձները հղենք իրավապահ պարմիններին այն առումով, որ պետք է միշտ պետության արձագանքը լինի համաչափ այն իրավախախտմանը, որը կատարվում է»,- ասաց Թաթոյանը՝ հայտնելով, որ բաժնում ասել էին, որ բերման ենթարկվածի փաստաբանը պետք է իրենց բողոք ներկայացներ։
Մարդու իրավունքների պաշտպանը նշեց՝ որքան տեղյակ է, այս պահին հետագա գործողությունների հետ կապված բողոք չի ներկայացվել։ Թաթոյանը շեշտեց նաև, որ պարետատան հետ ցանկացած հարցով ու խնդրով կապի մեջ են։