ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ կորոնավիրուսից բուժված են համարվում միայն այն քաղաքացիները, որոնք ուղիղ հիվանդանոցներից են դուրս գրվում կրկնակի բացասական թեստերով:
«Տասնչորսերորդ օրը մոտենալուն զուգընթաց՝ փաստացի առողջության առաջնային պահպանման հաստատությունները ֆիքսում են այդ տասնչորս օրվա ավարտը և այդ քաղաքացիների բուժված լինելու հանգամանքը: Նույնը տեղի է ունենում նոր արձանագրված դեպքերի հետ, որոնք հիվանդանոցային համակարգ ընդհանրապես չեն ընդունվում: Հետևաբար պետք է հասկանալ, որ սա պարզապես ռազմավարության փոփոխության արդյունքն էր և ոչ թե ինչ-որ ճեղքում այս հակահամաճարակային պրոցեսի»,- Ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց նախարարը՝ հավելելով, որ չպետք է զգոնությունը կորցնել, բոլոր միջոցառումները՝ սկսած դիմակ կրելուց, սոցիալական հեռավորություն պահելուց և ձեռքերը ախտահանելուց պետք է կատարվեն համատարած և անխտիր:
«Մեր գործողությունների ընդհանուր տրամաբանությունը պետք է երկար ժամանակ մնա նույնը՝ վարակի զսպումը, որը իմ մատնանշած կանոնները պահպանելուց զատ ուրիշ ոչ մի կերպ հնարավոր չէ»,- նշեց նախարարը՝ կրկին հիշեցնելով հակահամաճարակային երեք քայլերի մասին՝ դիմակ կրել բաց և փակ վայրերում, հաճախ ախտահանել ձեռքերը և պահպանել սոցիալական հեռավորությունը:
Նախարարը ընդունեց՝ այս կանոնների մասին անընդհատ հիշեցումները շատերին հոգնեցրել են: Բայց, նրա խոսքով՝ թեկուզ այդ «շատ հոգնեցնող» կանոնները մեզ թույլ են տալու հարաբերականորեն նորմալ, չլարված մթնոլորտում ապրել այնքան ժամանակ, մինչև վարակը լինի հաղթահարելի:
Ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը մեծ է՝ նշեց առողջապահական գերատեսչության ղեկավարն ու հավելեց, որ նոր ծավալումների շնորհիվ դեռ կարողանում են հոգ տանել հիվանդների մասին:
«Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է այդ հանգամանքից կրկին դրդված նորից թուլանանք և վարքագծային վերադարձ իրականացնենք նախորդ մեր իմացած նորմալ վարքագծին: Պատրաստվեք վաղը բուժվածների մեծ թվին, այն այս թվից շատ-շատ մեծ կլինի, բայց դրանք այն քաղաքացիներն են, որոնք տանն են և հարաբերականորեն թեթև, առանց սիմպտոմների: Եվ մենք, նրանց 14 օրը լրանալուն պես՝ նրանց ֆիքսում ենք որպես բուժված»,- հայտարարեց Թորոսյանը: