ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրել է իր տեսլականը՝ պաշտպանության ոլորտի և զինված ուժերի զարգացման առաջնահերթությունների վերաբերյալ:
Խիստ անհրաժեշտ է բանակում նախաձեռնողական մշակույթի արմատավորումը: Մեր երկրի ռազմաքաղաքական, ռազմատնտեսական, ռազմատեխնիկական և բուն ռազմական խնդիրները լուծելու համար մենք իրավունք չունենք լինելու միայն արձագանքողի դերում՝ լինի անդադար հրադադարի ռեժիմի խախտումներին, մշտապես պաշտպանությանը նախապատրաստվելու, թե շարունակաբար այս կամ այն ռազմատենչ հայտարարություններին արձագանքելու դեպքում. դա պարտության ճանապարհ է:
Մենք պետք է լինենք նախաձեռնող և այս ուղղությամբ արդեն իսկ զգալի աշխատանքներ ենք կատարել. համապատասխան տեխնիկական միջոցների և նոր մարտավարության ներդրմամբ փոխել ենք մարտական հերթապահության կազմակերպման և հրադադարի ռեժիմը պարտադրելու և վերահսկելու տրամաբանությունը՝ ուղղակի կանխարգելելով ռեժիմի խախտումների հիմնական մասը։
Մեր մարտական պատրաստությունը չի կենտրոնանում միայն պաշտպանության կազմակերպման վրա, այլ նոր՝ հարձակողական և գրոհային ստորաբաժանումների ստեղծմամբ հղկում է կանխարգելիչ գործողություններ կատարելու մարտավարությունը, իսկ մեր ռազմադիվանագիտական լեզուն չհանդուրժող է մեզ ուղղված սպառնալիքների հանդեպ:
Այնուամենայնիվ, զինվորական մշակույթում նախաձեռնողականության արմատավորումը բավականին բարդ գործընթաց է, քանի որ չի կարող ինքնին խրախուսվել, ինչպես քաղաքացիական կյանքում: Դա պայմանավորված է բանակում գործող այնպիսի ընթացակարգերով, ինչպիսիք են՝ հրամանատարական ուղղահայացը, միանձնյա ղեկավարման սկզբունքը, կարգապահության և հրամաններն անվերապահորեն կատարելու հստակ պահանջը, ի վերջո, այդ սկզբունքներով անձնակազմի ստացած կրթությունը և ծառայության փորձը:
Ուստի, զինված ուժերում նախաձեռնողականությունը կարող է լավագույնս դրսևորվել ճկուն հրամանատրման և առաջնորդության սկզբունքների ամրապնդման, համապատասխանաբար՝ մարտական կանոնադրությունների դրույթների կատարման, որոշումների կայացման և զեկուցման մեխանիզմների հղկման, մարտական պատրաստության, բարոյահոգեբանական ապահովման և ռազմական կրթության պահանջների վերանայման, ինչպես նաև վերազինման, մարտավարության և օպերատիվ արվեստի վերանայման միջոցով: Իսկ այստեղ մենք դեռևս ունենք շատ անելիքներ: