«Ալիք մեդիա»-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով Վրաստանում բնակվող մեր հայրենակիցներին շնչառական սարքեր Հայաստան ուղարկելու համար:
«Ձեր ուղարկած սարքերով մարդիկ շնչում են
Նախօրդ գիշեր Վրաստանից ուղարկված այս շնչառական սարքերը հասան Նորքի ինֆեկցիոն: Առողջապահության նախարարության գործընկերները ամենահուզիչ բանն ասացին. «Շնորհակալություն, ձեր ուղարկած սարքերով մարդիկ շնչում են»:
Այս 3 օրվա ընթացքում մեզ հետ կապվեցին Ռուսաստանից, Լյուքսեմբուրգից և Բելգիայից մեր մի շարք հայրենակիցներ` պատրաստակամություն հայտնելով լրացուցիչ աջակցություն տրամադրել: Այս պահին Վրաստանի իմ գործընկերները փնտրում են հավելյալ սարքեր, որոնք, չնայած ոչ շատ մեծ չափաքանակով, բայց կարծես թե կան:
Եթե այս փոքրիկ սարքերով հնարավոր է անգամ մեկ կյանք փրկել, մենք ջանք չենք խնայելու ապահովել դրանք:
Առո՛ղջ եղեք, պահպանե՛ք սոցիալական հեռավորությունը, փրկե՛ք կյանքեր»,- ասված է Խառատյանի գրառման մեջ:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կիսվել է Խառատյանի հրապարակմամբ և շնորհակալություն է հայտնել Վրաստանի մեր հայրենակիցներին:
«Շնորհակալ եմ Վրաստանի մեր հայրենակիցներին: Իրոք, այս սարքերով մեր պացիենտները շնչում են` բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով»,- ասված է նախարարի գրառման մեջ: