Եվրոպական միությունը իր «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության ներքո Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Նորարարական տուրիզմ Հայաստանի համար» ծրագրի շրջանակում հայտարարում է Covid-19-ի պայմաններում նորարարական տուրիզմին ուղղված նպատակային դրամաշնորհների մրցույթ՝ ուղղված հայաստանյան զբոսաշրջության ոլորտում այս դժվարին ժամանակներում բիզնես գործունեության ծավալմանը՝ տեղեկացնում են ԵՄ հայաստանյան գրասենյակից։
«ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության նորարարական տուրիզմի նպատակային դրամաշնորհների շրջանակում տրամադրվող աջակցության նպատակն է բարձրացնել զբոսաշրջային ընկերությունների արդյունավետությունը և մրցունակությունը, բարելավել զբոսաշրջության բնագավառի աշխատողների և ձեռներեցների հմտություններն ու որակավորումը, խթանել գոյություն ունեցող և նոր մշակվող պրոդուկտների և ծառայությունների կատարելագործումն ու արդիականացումը, ինչպես նաև հետևել նորարարական շուկայավարման և ռեբրենդինգի մոտեցումներին՝ դյուրափոփոխ համատեքստին լավագույնս ադապտացվելու, փոփոխվող շուկաներին, պահանջարկին ինչպես նաև բիզնես գործունության վարման ձևերի փոփոխությանը պատրաստ լինելու համար:
Հայտեր կարող են ներկայացնել սահմանված պահանջներին համապատասխանող դիմորդներ՝ ողջ Հայաստանից, սակայն առաջարկվող նախագծերը պետք է նպաստեն նորարարական զբոսաշրջության զարգացմանը Հայաստանի հյուսիսային երեք մարզերում՝ Տավուշում, Լոռիում և Շիրակում:
Հայտերի ընդունման հայտարարությունը, այդ թվում նաև հայտերի ներկայացման մասին լրացուցիչ տեղեկատվությունը, ներբեռնման ենթակա փաստաթղթերը, ինչպես նաև կոնտակտային տվյալները կարող եք գտնել armacad.am կայքում՝ https://armacad.info/2020-06-08--call-for-proposals-innovative-tourism-and-technology-development-for-armenia-giz-armenia և այլ հարթակներում: Հետաքրքրված կազմակերպությունները կարող են հայտերը ներկայացնել մինչև 2020 թ. հունիսի 28-ը: