Մեքսիկայում կորոնավիրուսով վարակվածների թիվն առաջիկա շաբաթների ընթացքում կշարունակի աճել: Լատինամերիկյան երկրում ստեղծված համաճարակային ճգնաժամի մասին տեղեկությունները հաղորդել է Մեքսիկայի առողջապահության փոխնախարարը՝ գրում է Reuters լրատվական գործակալությունը:
Երկրի իշխանությունները նշել են, որ Մեքսիկան դեռևս չի հասել վարակի առավելագույն կետին: Առողջապահության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ գերատեսչությունը կշարունակի ժողովրդին իրազեկել վարակի նոր դեպքերի մասին:
Վերջին շաբաթների ընթացքում Լատինական Ամերիկան դարձել է կորոնավիրուսի համավարակի էպիկենտրոն, չնայած մոլորակի մյուս հատվածներում վարակի տարածման տեմպի նվազում է նկատվում:
Մեքսիկայում ընդհանուր առմամբ արձանագրվել է կորոնավիրուսի վարակի 120102 դեպք, մահացության ցուցանիշը 14053 է: Վերջին մեկ օրում մահերն ավելացել են 354-ով: