Կորոնավիրուսի արդյունքում քաղաքացիներից ստացված բողոքներն էլ հաշված՝ արդեն ստացվել են ավելի շատ բողոքներ, դիմումներ, քան նախորդ ամբողջ տարվա ընթացքում. տեղեկացրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:
«Մենք արդեն հունիսի դրությամբ ստացել ենք այնքան բողոք, ինչքան ունեինք ամբողջ նախորդ տարվա ընթացքում, նույնիսկ՝ ավելի: Եթե անցած ամբողջ տարվա ընթացքում ունեինք 13140, հիմա ունենք 13300 բողոք: Աշխատակազմն աշխատում է գերծանրաբեռնված, ոչ բոլոր աշխատակիցներն են ներկա:
Բողոքները շատանում են, և պետք է նշեմ, որ բողոքների մեծ մասը իրազեկվածության պակասից է գալիս»,- նշեց Թաթոյանը՝ հավելելով, որ արտակարգ դրության ընթացքում կանոններն ու կարգերը արագ են փոփոխվում, քաղաքացիներից շատերը չեն հասցնում տեղեկանալ դրանց մասին, ինչն էլ բողոքի առիթ է դառնում:
Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ լինում են օրեր, երբ գրասենյակը ստանում է 5-6 անգամ ավելի զանգ: