ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն անդրադառնալով դատապարտյալների զբաղվածությանը՝ շեշտեց, որ այն վերականգնողական արդարադատության բաղկացուցիչներից մեկն է։
Նախարարը տեղեկացրեց՝ «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այն կանոնադրական նպատակներով չի աշխատում։
«Հիմնադրամը պետք է մատուցեր որոշակի ծառայություններ քրեակատարողական ծառայությանը, եթե դրանք շուկայականից ցածր գնով էին, և աշխատանքներում ներգրավեր դատապարտյալներին։ Դատապարտյալների նվազ ներգրավվածություն կար, և շուկայական գների մասով էլ որոշ մտահոգություններ կային։ Երկուսի մասով էլ որոշակի աշխատանքներ իրականացրել ենք»,- ասաց նախարարը։
Պարզվում է, որ 2019 թվականին հիմնադրամն ունեցել է 213 միլիոն դրամ պարտքի կուտակում տարբեր մարմիններին ու կազմակերպություններին։ Նախարարն ընդգծեց, որ հիմնադրամը պետբյուջեից որևէ ֆինանսավորում չէր ստանում։ Պարտքը նվազեցվել է շուրջ 43 միլիոն դրամով։
Նախարարը ներկայացրեց, որ մտածում են համագործակցություն՝ տնկիների աճեցման աշխատանքների հետ կապված, կառավարությունում էլ կան մեծ թվով թվայնացման աշխատանքներ՝ սկանավորման կամ որևէ մոդելով փաստաթղթերի թվայնացման։ Մտածել են այդ աշխատանքներում ևս ներգրավել դատապարտյալներին։
«Աշխատանքով ապահովման խնդիրը մնում է մեր ուշադրության կենտրոնում, ամենակարևոր հարցերից մեկն է։ Որոշ դրական տեղաշարժեր արդեն կան դատապարտյալների ներգրավման մասով, իսկ ծրագրերը հաջողությամբ իրականացնելու դեպքում ավելի քան վստահ եմ, որ պատշաճ վարձատրություն կլինի»,- ասաց Բադասյանը։