Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Ֆեյսբուքի գրառմամբ հայտնել է, որ Գավառ քաղաքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կհիմնանորոգվեն բազմաբնակարան 3 շենքի տանիք և 13 մուտք:
«Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 93 միլիոն դրամ, որի 65 տոկոսը կամ 60 միլիոն 450 հազար դրամը հատկացնում է ՀՀ Կառավարությունը, 32 միլիոն 554 հազար դրամը՝ Գավառի քաղաքապետարանը:
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորոգվելու են Ազատության-38, Ազատության-14, Մովսիսյան-1 բազմաբնակարան շենքերի տանիքները և 9 մուտքերը, որոնց կգումարվեն նաև Կաբելագործների-9 շենքի չորս մուտքերը: Քաղաքի բազմաբնակարան շենքերի համար լուրջ խնդիր է դարձել տանիքների հիմնանորոգումը, քանի որ դրանց մեծ մասը դեռևս ունի շիֆերային ծածկեր, որոնք տասնամյակների ընթացքում քայքայվել են՝ վտանգավոր իրավիճակ ստեղծելով առաջին հերթին շենքերի պահպանության համար:
Անմխիթար վիճակում են գտնվում նաև բազմաբնակարան շենքերի մուտքերը, որոնք պահանջում են կապիտալ նորոգում՝ նոր դռների և լուսամուտների տեղադրում, ներքին հարդարում, էներգասնուցման հաղորդալարերի մեկուսացում»,- ասված է մարզպետի գրառման մեջ: