ԿԳՄՍ նախարարությունից տեղեկանում ենք, որ մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի փոփոխության նախագիծը և հարակից օրենքներում փոփոխությունների և լրացումների փաթեթը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
ԿԳՄՍՆ-ն պատրաստվում է գործընթաց սկսել Երևանի պատմամշակութային հիմնավորման նախագծի առաջադրանքը կազմելու և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ սահմանված կարգով հաստատելու ուղղությամբ:
«Առանց միասնական աշխատանքի (Քաղաքաշինության կոմիտե, Կադաստր կոմիտե, Երևանի քաղաքապետարան, համայնքապետարաններ, քաղաքացիական հասարակություն) հուշարձանների, պատմամշակութային միջավայրերի պահպանման, ինչպես նաև ուրբանիստական հարցերի լուծումը որևէ հաջողություն չի ունենա»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:
Կարապետյանը հույս է հայտնել, որ այս գործընթացը չի դանդաղի և անդառնալիորեն անցյալում կմնա այն իրավիճակը, երբ մի շարք արժեքավոր կառույցների արժեքավորության մասին տեղեկանում էինք դրանց քանդվելուց հետո կամ քանդման նախաշեմին: