Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար, գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը, ներկայացնելով խորհրդարանի 2019 թվականի բյուջեի կատարողականը, հայտնեց, որ ԱԺ լիազորությունների իրականացման նպատակով ծրագրվել է 6,2 մլրդ դրամ, փաստացի ծախսը կազմել է 5,8 մլրդ, ինչը տարեկան ծրագրի 93,4 տոկոսն է։
«Ծախսերի կատարողականը հիմնականում պայմանավորված է Ազգային ժողովի գործունեության ապահովման, օրենսդրական, վերլուծական և ներկայացուցչական ծառայությունների, ինչպես նաև տեխնիկական հագեցվածության, բարելավման ծախսերի կատարողականով»,- շեշտեց Գալստյանը։
Տիգրան Գալստյանը նաև տեղեկացրեց, որ պլանավորված է եղել հանձնաժողովների հերթական և արտահերթ 269 նիստ, սակայն իրականացվել են 194-ը, խմբակցության նիստերը պլանավորված են եղել 120-ը, իրականացվել են 301-ը, խորհրդարանական լսումները՝ 28, իրականացվել են 11-ը։ Բավականին մեծ են եղել շրջանառության մեջ դրված նախագծերի և միջազգային պայմանագրերի թիվը, որը 147-ով գերազանցել է պլանավորված թվաքանակը։
ԱԺ աշխատակազմի գլխավոր քարտուղարը նշել է, որ պլանավորված են եղել 380 ընդունված օրենքներ ու որոշումները, սակայն կատարվել են 685՝ 305-ով գերազանցելով պլանավորված քանակը։
ԱԺ պաշտոնական վեբ կայքից օգտվողների թիվը 730 հազար է պլանավորվել, մինչդեռ ցուցանիշը 939678 է։ Գալստյանը տեղեկացրեց, որ 2019 թ. իրականացվել է տրանսպորտային պարկի կրճատում՝ 15 մեքենայով, 2020-ին՝ ևս 7 մեքենայով։