«Արամ Խաչատրյան-մրցույթ» հիմնադրամի հաղորդմամբ՝ Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթին իրենց ողջույնի խոսքն են հղել բազմաթիվ հայտնի մշակութային գործիչներ։
Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը‚ ողջունելով Խաչատրյանական մրցույթի մասնակիցներին‚ նկատում է‚ որ թեև համավարակի պայմաններում մրցույթը անցկացվում է հեռավար‚ այնուամենայնիվ‚ պետք է նկատել‚ որ ստեղծված իրավիճակն է՜լ ավելի է ընդլայնում այս իրադարձության հետևորդների‚ ունկնդիրների թիվը։ «Վստահ եմ‚ որ ներկա պայմաններում մրցույթը կդառնա մեծ իրադարձություն ոչ միայն Հայաստանի‚ ԱՊՀ տարածաշրջանի‚ այլև ամբողջ աշխարհի մշակութային կյանքում»‚- ասել է պարոն Շվիդկոյը։
Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի ռեկտոր Ալեքսանդր Սոկոլովը նշել է‚ որ այս տարի ծառացան այնպիսի խնդիրներ‚ որոնք մենք ոչ մի կերպ չէինք կարող կանխատեսել. «Այդ պատճառով Եվրոպայում շատ միջազգային մրցույթներ կա՜մ չեղարկվել են‚ կա՜մ անորոշ ժամանակով հետաձգվել։ Դա կարելի է հասկանալ։ Սակայն իմ մեջ հիացմունք է առաջացնում Խաչատրյանի միջազգային մրցույթի կազմակերպիչների որոշումը. չնայած խոչընդոտներին՝ կայացնել մրցույթը՝ ընդ որում‚ նրան հաղորդելով միանգամայն այլ տեսք‚ որը համահունչ է մեր ժամանակների՝ 21-րդ դարի պահանջներին։ Մրցույթն անցկացվում է առցանց՝ կիրառելով բարձր տեխնոլոգիաները‚ արհեստական բանականությունը՝ այդպիսով է՜լ ավելի ընդլայնելով նրա լսարանը։ Վստահ եմ‚ որ Արամ Խաչատրյանը կողջուներ նման համարձակ քայլը»։
Այս օրերին շարունակվում է Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի առաջին փուլը։ Տարբեր երկրներից մասնակիցներ իրենց կատարումներով հեռավար ներկայանում են հեղինակավոր ժյուրիին։ Մրցույթի երկրորդ փուլը տեղի կունենա հունիսի 12-13-ը‚ իսկ հունիսի 15-ին երրորդ՝ եզրափակիչ փուլում հայտնի կդառնան մրցույթի մրցանակակիրները։ Հաղթողը մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կկատարի Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։ Աշխարհում առաջին անգամ մենակատարը և նվագախումբը հանդես կգան հեռավար։