2019 թ. հուլիսի 2-ին Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Միկոյան փողոցի 17-րդ շենքի բակում «օրենքով գող», 20.03.1973 թ. ծնված Անդրանիկ Հարությունյանի սպանության դեպքի առթիվ 2019 թ. հուլիսի 3-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Անդրանիկ Հարությունյանի սպանությունը կատարել է Ռուսաստանի Դաշնության Գռոզնի շրջանի Ալխան-Կալա գյուղում հաշվառված, 13.11.1987 թ. ծնված Ս.Մ.-ն, որը 25.06.2019 թ. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանով ժամանել է ՀՀ, իսկ 03.07.2019 թ.` մեկնել ՀՀ-ից:
Քննությամբ պարզվել է, որ Ս.Մ.-ին ՀՀ-ում Անդրանիկ Հարությունյանի սպանությանն օժանդակել է Երևան քաղաքում բնակվող Ա.Ղ.-ն:
Նախաքննությամբ ձեռք բերված բավարար փաստական տվյալների համակցության հիման վրա 2019 թ․ օգոստոսի 21-ին որոշում է կայացվել Ս.Մ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և հայտարարվել է հետախուզում:
Քրեական վարույթն իրականացնող մարմնի 2019 թ. օգոստոսի 23-ի որոշմամբ Ա.Ղ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:
Ա.Ղ.-ի նկատմամբ նույնպես որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
2020 թ. հունիսի 2-ին քրեական գործից մեղադրյալ Ա.Ղ.-ի մասով գործն անջատվել է, և այդ մասով հայտարարվել է նախաքննության ավարտ:
Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և 2020 թ. հունիսի 8-ին քրեական գործի հետ ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար: