Պարետի և նոր կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ անց եմ կացրել աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Քննարկել ենք պայքարի միջոցները խստացնելուն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ կայացնելով համապատասխան որոշումներ: Ես խորապես հասկանում եմ, որ այդ որոշումները շատերիդ մոտ կարող են անհարմարությունների հետ կապված դժգոհություններ առաջացնել, բայց, կարծում եմ, քննարկելն ավելորդ է, եթե հարցը դիտարկում ենք, մեր հարազատներին հարուցվելիք առողջական խնդիրների համատեքստում՝ առավել ևս, երբ համավարակի հետևանքները կարող են նաև անդառնալի կորուստների պատճառ դառնալ:
Հորդորս է՝ հետևե՛ք բոլոր սահմանված կանոններին, եկեք մտածենք և գործենք միասին, որովհետև յուրաքանչյուրս հենց դրա կարիքն ունենք: Առողջություն բոլորիս»,- գրել է ԱՀ նախագահը: