Կրթությունը և դրա հասանելիության ապահովումն «Իմ քայլը» հիմնադրամի գործունեության կարևորագույն ուղենիշներից է։ Հենց այս գիտակցմամբ էլ Հիմնադրամը նախաձեռնել ու իրականացնում է Վայոց ձորի խոցելի ընտանիքների դպրոցահասակ երեխաների կրթության հասանելիությանն ուղղված աջակցություն՝ տրամադրելով 331 պլանշետ Վայոց ձորի 23 համայնքի 26 դպրոցի, տեղեկացնում են հիմնադրամից։
Հիմնադրամի սոցիալական թիմի աշխատակիցները, սերտորեն համագործակցելով Վայոց ձորի մարզպետարանի և ընտրված դպրոցների հետ, իրականացրին կարիքների գնահատում, որի հիմքով խոցելի խմբի ընտանիքներից կազմվեց շահառու երեխաների ցանկը։
«Որդեգրել ենք հետևյալ սկզբունքը՝ մեկ ընտանիքից մեկ երեխա՝ հնարավորինս ընդարձակելով շահառուների շրջանակը: Պլանշետները տրամադրվելու են դպրոցներին, որպեսզի դպրոցը հնարավորություն ունենա վերահսկելու, որ պլանշետներն օգտագործվեն բացառապես ուսման նպատակով»,- նշում է սոցիալական և առողջապահական ծրագրերի համակարգող Գայանե Ղազարյանը։
Մարզի ընտրությունը նույնպես պատահական չէ. Վայոց ձորը միջազգային ՀԿ-ների սոցիալական ծրագրերից առավելապես քիչ աջակցություն ստացող մարզն է, քանի որ դրանում բացակայում են մարզային գրասենյակները:
Պլանշետների բաժանումը կազմակերպվել է համավարակի պայմաններում ՀՀ-ում գործող սահմանափակումների ու անվտանգության նորմերի պահպանմամբ։
«Իմ քայլը» հիմնադրամն ունի իր տեսլականը Հայաստանի զարգացման համար, մշակել ու իրականացնում է մի շարք կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրեր։ Ի թիվս այս ծրագրերի, Հիմնադրամը շատ զգայուն է հընթացս առաջացող խնդիրների հանդեպ՝ փորձելով տալ արագ ու արդյունավետ արձագանք: Հետևաբար, COVID-19-ի պատճառով հեռավար ուսուցման անցած դպրոցական կրթական համակարգում առաջացած խնդիրներն անմասն չեն մնացել Հիմնադրամի տեսադաշտից: Անկախ ստեղծված պայմաններից ոչ ոք չպետք է զրկված լինի սովորելու կարևորագույն հնարավորությունից:
Գիտելիքն ուժ է՝ քաղաքակիրթ ու զարգացող երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող կարևորություն։ Հիմնադրամն, իր կողքին ունենալով այս տեսլականին հավատարիմ աջակիցներ ու համախոհներ, շարունակաբար տարբեր ծրագրերի միջոցով սատարելու է մեր երկրի ապագայի կերտման համար առանցքային այս ոլորտի զարգացմանը:
https://mystep.foundation/hy/news/1961/