ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանել է հարցին, թե արդյոք մտահոգության առիթ չի՞ տալիս այն, որ երկու տարվա մեջ երրորդ անգամ են ոստիկանության, ԱԱԾ-ի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետեր նշանակվում:
Պապիկյանի խոսքով՝ անհանգստանալու ոչինչ չկա, դա բնականոն պրոցես է:
«Պաշտոնանկությունները տարբեր են լինում: Տվյալ փուլում մեր գործընկերների հետագա պաշտոնավարումը մի մասինը գուցե իրենց ցանկությամբ, մյուս մասինը՝ գուցե վարչապետի որշմամբ, այլևս նպատակահարմար չի համարվել: Պատճառները տարբեր են»,- նշեց Պապիկյանը՝ հավելելով, որ վարչապետը կհայտնի պատճառների մասին:
Պապիկյանը վտանգներ չի տեսնում նաև կարճ ժամանակով ԱԱԾ ղեկավար նշանակելու մեջ: Նա պարզաբանեց՝ հարատև պաշտոնավարում չի կարող լինել, իսկ ավելի արդյունավետ աշխատող ցանկացած թեկնածուի դեպքում կարող է քննարկվել այդ մարդուն պաշտոնի նշանակելու հարցը: