Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանն առաջարկել է ՆԱՏՕ-ի նման կառույց ստեղծել առողջապահության համակարգի համար: Նախարարի խոսքով՝ եվրոպական այդ դաշինքը կկարողանա փոխադարձ աջակցություն ցուցաբերել ճգնաժամերի ժամանակ, ինչպիսին կորոնավիրուսային համաճարակն է: Շպանը կարծում է, որ արագ և արդյունավետ օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է ստեղծել միասնական կառույցներ, որոնց կդիմեն մասնագետներն ու բժիշկները: Այդ կառույցները նաև թույլ կտան մոբիլիզացնել ռեսուրսները, ավելացրել է գերատեսչության ղեկավարը:
Շպանը ցանկանում է ընդլայնել հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի գործունեությունը և այն վերածել վիրուսաբանության համաեվրոպական ինստիտուտի նման կառույցի:
Համաձայն վերջին տվյալների՝ աշխարհում գրանցվել է COVID-19 վարակի ավելի քան 7 միլիոն դեպք, 406 հազարից ավելի մարդ մահացել է, բուժվել է ավելի քան 3 միլիոն հիվանդ: Հաստատված դեպքերի մեծ մասը գրանցվել է Միացյալ Նահանգներում, որտեղ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվն անցնում է 2 միլիոնը: