Մոսկվայի հարավարևմտյան շրջանի բնակարաններից մեկի պատուհանից կրակել են քաղաքացիների ուղղությամբ, վիրավորել երկու անցորդի և մեկ ոստիկանի: Ըստ ականատեսների՝ տղամարդը կրակել է ավելի քան 15 րոպե նախ շենքի բակում գտնվող մեքենաների վրա, ապա անցել մարդկանց: Հարևանները լսել են առնվազն տասը կրակոց:
Հարձակվողը՝ նախկին պաշտոնյա 51-ամյա տղամարդը, հրաժարվել է հանձնվել և փոխհրաձգության ժամանակ վիրավորել է ոստիկանին: Հրաձիգը նույնպես վիրավորվել է ու ավելի ուշ մահացել հիվանդանոցում: Ենթադրվում է, որ նա եղել է ալկոհոլի ազդեցության տակ, ընկճված ընտանեկան խնդիրներից: